AM
4 July 2023 - 11:32 AMT

Օսկանյանը միացել է «Հայաքվեին»․ Արժե մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մասնակցել է «Հայաքվեի» ստորագրահավաքին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ արժե մասնակցել ցանկացած նախաձեռնության, որը կարող է նպաստել նրան, որ հնարավոր լինի հավաքականորեն բռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի։

Նա նշել է, որ «Հայաքվեն» կարևոր նախաձեռնություն է և ինքը հույս ունի, որ ժողովուրդը կաջակցի դրան ու կմասնակցի ստորագրահավաքին, գրում է Aysor.am-ը։

«Շատ կարևոր է միջազգային հանրությանն ու իշխանություններին հստակ ուղերձ հղել, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ անել այն, ինչ այսօր, ցավոք, ՀՀ իշխանությունները փորձում են անել։ Հակառակ նրան, որ հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության 50 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս, ՀՀ իշխանությունները դա արհամարում են։ Նման նախաձեռնությունները օրենքի ուժով կպարտադրեն և կքրեականացնեն նման քայլերը»,-ասել է նա։

«Հայաքվեի» նպատակը Քրեական օրենսգրքում 2 հոդված ավելացնել է՝ քրեական պատասխանատվություն սահմանելով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում, որով Արցախի Հանրապետությունը կընդգրկվի այլ պետության կազմում: Մյուս հոդվածով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և նրա պատմական նշանակությունը նսեմացնելու համար:

60 օրվա մեջ պետք է հավաքել 50 հազար ստորագրություն։ Եթե այդ քանակով ստորագրություն հաջողվի հավաքել, ապա հնարավոր կլինի նախագիծ մտցնել Ազգային ժողով։ Եթե Ազգային ժողովն օրենքի նախագիծը չընդունի, այդ դեպքում հնարավորություն կա ժողովրդից նորից խնդրել աջակցություն, ստանալ ևս 300 հազար ստորագրություն, և հարցը օրենքի ուժով տանել հանրաքվեի։ Այդ դեպքում շրջանցում են նաև Ազգային ժողովը ու գնում հանրաքվեի։