AM
4 July 2023 - 11:51 AMT

ԵՄ քաղաքացի հայերը նամակ են փոխանցել Միշելին` «Արցախին էթնիկ զտում է սպառնում»

Սփյուռքում բնակվող 1220 ԵՄ քաղաքացի և ռեզիդենտ հայեր ստորագրահավաք են իրականացրել՝ անհամաձայնություն հայտնելով ԵՄ քավորությամբ տեղի ունեցող պրոցեսներին, այն է՝ Արցախի և ՀՀ հայերի շահերի ոտնահարումը։ Քաղաքացիները ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն նամակ են հանձնել՝ ուղղված Շառլ Միշելին, հայտնում է «Փաստինֆոն»։

«Նամակը վերաբերում է խաղաղության պայմանագրին և Արցախին, որովհետև Արցախի շահերի մասին այդտեղ ոչ մի տող չկա։ Մենք գրել ենք, որ այս պայմանագրով Արցախին սպառնում է էթնիկ զտում և ԵՄ նման հաստատությունը չպետք է քավոր կանգնի այս ցեղասպանական պայմանագրին։ Նաև նշել ենք, որ այդ պայմանագրով Հայաստանը դառնալու է անպաշտպան, ինչը մի օր ԵՄ խնդիրն է դառնալու, որովհետև, եթե կյանքն այնպես լինի, որ Արցախում և ՀՀ-ում մարդիկ չկարողանան ապրել, նոր փախստականներ են ավելանալու և ԵՄ բնակիչներն էլ պետք է իմանան, որ նոր բեռ է իրենց սպասվում»,- ասել է Գերմանիայում բնակվող Արփինե Քոչարյանը։

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ կրակի արդյունքում ՊԲ 4 հայ զինծառայող զոհվեց։ Արցախի ԱԳՆ-ն կոչ էր արել անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ քանի դեռ լիակատար հրադադար չի հաստատվել։ տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: