AM
4 July 2023 - 13:27 AMT

Օսկանյան․ Խորհրդային շրջանում ԼՂ ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խորհրդային շրջանում ԼՂ ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին։

Օսկանյանը հիշեցրել է` այդ փաստն է, որ 1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, գրում է Sputnik Արմենիան։

«Այն, որ սովետական շրջանում ԼՂ–ն եղել է ինքնավար մարզ, դա պետք է լինի այսօրվա բանակցությունների օրակարգում։ Ես համոզված եմ, որ դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական և իրավական ինչ–որ լուծումների գնալու բանակցությունների հարցում։ Այս հարցը օրակարգ բերելու խնդրում որևէ մեկը հակափաստարկ չի կարող ունենալ, սա միջազգային հանրությունը միանգամից ընդունել է և բերելու է բանակցային սեղան»,–ասել է Օսկանյանը։

Նրա խոսքով Ադրբեջանը հնարավոր է դիմադրի, բայց դրանով իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրների առջև է կանգնելու։

«Այս հարցը երբ օրակարգ մտնի, դա արդեն Արցախի ժողովրդին միջազգային հանրության օգնությամբ հնարավորություն է տալու, որ ձգտի անկախության»,–նշել է նախկին արտգործնախարարը։

Բանակցային հարթակում Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության մեկ այլ այլընտրանք, Օսկանյանի գնահատմամբ, միջազգային հանրության հետ լուրջ աշխատանքն է։

«Այո՛, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծվի, բայց թե դա ինչպես կհանգուցալուծվի, նրանց այդքան էլ չի հետաքրքրում. նրանք գնում են այն ճանապարհով, որը հեշտ է թվում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը` Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին»,–ասել է Օսկանյանը։

Նրա գնահատմամբ` այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի։

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մասնակցել է «Հայաքվեի» ստորագրահավաքին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ արժե մասնակցել ցանկացած նախաձեռնության, որը կարող է նպաստել նրան, որ հնարավոր լինի հավաքականորեն բռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի։

Նա նշել է, որ «Հայաքվեն» կարևոր նախաձեռնություն է և ինքը հույս ունի, որ ժողովուրդը կաջակցի դրան ու կմասնակցի ստորագրահավաքին: