AM
4 July 2023 - 13:40 AMT

Հնդկաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունն այցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը։

Հյուրերին ներկայացվել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։

«Անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև»,- ասված է հաղորդագրությունում:

Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում ու ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում են կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Հուլիսի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության պետ Սումիթ Սեթի գլխավորած պատվիրակությանը:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակա խնդիրները, երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գերատեսչությունների կազմում գործող քաղաքականության մշակման և պլանավորման վարչությունների հիմնական գործառույթներին: