ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ԼՂ–ում իրավիճակի և բանակցային գործընթացի մասին, ասել է, որ իշխանությունը պետք է իրավիճակը սթափ գնահատի և համարձակություն ունենա բանակցությունները փոխանցել այլոց։
Օսկանյանը նշել է, որ ինքն էլ պատրաստ է պատասխանատվություն վերցնել և մի խումբ դիվանագետների հետ շատ կարճ ժամանակում` 2-3 ամսվա ընթացքում, իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել, հայտնում է Sputnik Արմենիան։
«Տրված լիազորությունները պետք է լինեն հարյուր տոկոսով, Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս ոչինչ չխոսի։ Քանի որ նրա խոսքը արդեն իսկ հայերի գլխին բերել է պատերազմ։ Այսօր Փաշինյանի խոսել շարունակելն ավելի բարդացնում է իրավիճակը։ Բանակցային խումբը պետք է փոխի բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը, որոնք ճանապարհ կբացեն արդար և կայուն խաղաղության ՀՀ–ի և Ադրբեջանի միջև, պետք է ընդլայնել բանակցային օրակարգը»,-ասել է նա։
ԱԳ նախկին նախարարը հավելել է, որ այսօրվա օրակարգում միայն ադրբեջանական պահանջներ են, պետք է լինի հայկական պահանջ։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մասնակցել է «Հայաքվեի» ստորագրահավաքին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ արժե մասնակցել ցանկացած նախաձեռնության, որը կարող է նպաստել նրան, որ հնարավոր լինի հավաքականորեն բռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի։ Նա նշել է, որ «Հայաքվեն» կարևոր նախաձեռնություն է և ինքը հույս ունի, որ ժողովուրդը կաջակցի դրան ու կմասնակցի ստորագրահավաքին:
Ընթերցեք նաև․ Օսկանյան․ Խորհրդային շրջանում ԼՂ ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին