ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Չմիավորման շարժման գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որտեղ նա կրկին սպառնալիքներ և մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ և հայերի հասցեին։ Այդ մասին Բադալյանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործում Չմիավորման շարժման հարթակը և նախագահությունն այդ կառույցում ագրեսիվ և հակահայկական հայտարարությունների համար, այդ թվում՝ խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներն ու էությունը: Դա խախտում է ինչպես Չմիավորման շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջազգային ինստիտուտի որոշումները»,– ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ալիևը նաև խեղաթյուրել է պատմական փաստերը, մեղադրել է Հայաստանին Խոջալուի «ցեղասպանություն» իրականացնելու, 30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսն օկուպացնելու մեջ։ Նա նաև ասել է, թե 44-օրյա պատերազմից հետո էլ Հայաստանը շարունակում էր ականապատել Ադրբեջանի տարածքը (նկատի ունենալով` Լեռնային Ղարաբաղը), ինչը կարողացել են դադարեցնել Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ տեղադրելուց հետո։