AM
6 July 2023 - 06:32 AMT

ՀՀ-ն, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել

Հուլիսի 5-ին Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Քննարկումների արդյունքում ստորագրվել է եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։

Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Խորհրդակցությունների ավարտին պատվիրակություններին ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսը։