AM
6 July 2023 - 06:51 AMT

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղիները

Հուլիսի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցերը։ Կողմերն ընդգծել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման կարևորությունը։

Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման գործում»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հուլիսի 5-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ ասվել է, որ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգը տեղի է ունեցել Արցախի նախագահի խնդրանքով։

«Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ»,-ասվում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։