AM
6 July 2023 - 08:54 AMT

Փաշինյան․ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, իսկ ՊԲ գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի գործողությունների մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Արցախում ՀՀ բանակ չկա, իսկ ԼՂ պաշտպանության բանակի գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի քարոզչության և գործողությունների մեջ։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամին՝ Փաշինյանն ասել է, որ չեն դադարում ՀՀ հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները, մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Լեռնային Ղարաբաղից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները:

«Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակ չկա, Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է:

Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում: Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մասn է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին»,-ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերով:

«Նախ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները և հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների, ականադաշտերի քարտեզները, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ: Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»,-ասել է վարչապետը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Նա ասել է, որ թեև ՀՀ-ն ստիպված եղավ ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս, չնայած դրան, «իրենց տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս մնում են հայկական զինված ուժերի մնացորդները»: