Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով:
«Ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի: Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորուրթյուն չի ստանձնել՝ կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Ինչ վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավոզորության ներքո ապաշրջափակմանը՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան: Արդեն վաղուց Հայաստանի կառավարւթյան որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է թվով 3 հսկիչ անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից»,-ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այդ որոշումը չի ընդունվում՝ Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին:
«Այսինքն, տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և Հայաստանի կողմից, և Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն: Ադրբեջանը չի անում սա և Ադրբեջանի մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանի Հանրապետությանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից»,-ասել է վարչապետը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղի ունեցած Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է դուրս բերի իր ԶՈւ-ն Ադրբեջանի տարածքից և չխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը»։