AM
6 July 2023 - 10:27 AMT

ՀՀ-ն ՄԻԵԴ-ում նոր դատավոր կունենա

Հայաստանը ՄԻԵԴ-ում նոր դատավոր կունենա։ Կառավարությունը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի փոփոխություններին:

Կսահմանվի ընտրության ընթացակարգը, որի համաձայն հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ (որոշումներով) համապարփակ և համակարգային կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը և թեկնածուներին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ ձևավորել հանձնաժողով, հաստատել դրա կազմը, գրում է Aysor.am-ը։

Հանձնաժողովը, հաստատված աշխատակարգին համապատասխան կկազմակերպի և կանցկացնի ընտրության գործընթացը՝ երկու փուլով, կիրականացնի մասնակիցների գնահատում և, ի վերջո, երեք լավագույն մասնակիցներից կազմված ցուցակը սահմանված կարգով կներկայացվի հաստատման:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի առաջին դատավորը պաշտոնավարել է 2003-2014 թթ․, իսկ 2015 թվականից ի վեր պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:

Նախկինում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը կազմակերպվել է 2014-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» նախագահի հրամանագրով և Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունված վերաբերելի որոշումներով: