ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ եթե ստորագրենք փաստաթուղթ և Արցախը կամովին հանձնենք Ադրբեջանին, «կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը»։
«Եթե մենք ստորագրենք փաստաթուղթ և Արցախը կամովին հանձնենք Ադրբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը: Հայ ժողովուրդն աշխարհում լինելու է առաջինը, որն ինքնակամ հրաժարվելու է այդ իրավունքից և հանձնելու է Արցախն Ադրբեջանին»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով իր այն առաջարկին, որ ինքը կարող է դիվանագետների խմբի հետ 2-3 ամսում շտկել իրավիճակը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չխոսի՝ Օսկանյանն ասել է, որ բազմաթիվ զանգեր է ստացել, հայտնում է «Առավոտը»։
«Մի քանի օր առաջ ես հարցազրույց էի տվել, որտեղ մի քանի առաջարկություններ էի արել ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ։ Այնտեղ ասել էի, որ եթե ինձ ու ինձ հետ միասին մի խումբ դիվանագետների հնարավորություն ու լիազորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, 2-3 ամսվա մեջ հնարավորություն կունենայինք կտրուկ փոփոխություն անել բանակցային գործընթացում և այդ գործընթացը դարձնել շատ ավելի հայանպաստ։ Այս առաջարկությունը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել, ես բազմաթիվ զանգեր եմ ստացել։ Խանդավառության հետ մեկտեղ տրվող հարցը հետևյալն է, թե ինչպե՞ս դա կարելի է անել»,- ասել է նա։
Օսկանյանը նշել է, որ իր առաջարկությունը կրկնում է։
«Ինձ և մի խումբ դիվանագետների տվեք ամբողջական լիազորություն, այդ ընթացքում իշխանությունների կողմից որևէ հայտարարություն չպետք է լինի, ուղղակի լռեն, և երեք ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում։ Այսօր այդ հնարավորությունը մենք ունենք։․․․Այստեղ առաջին հերթին պետք է այդ ընկալումը փոխել, նարատիվը փոխել, ամբողջ բանակցային քաղաքականությունը փոխել։ Ամբողջ շեշտադրումը պետք է դնել նրա վրա, որ մենք ոչ թե այս նոր ստեղծված պայմաններում գնում ենք հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, այլ մենք խնդիրը ձևակերպում ենք այնպես, որ հայկական կողմը պատրաստ է մտնել բանակցությունների մեջ Ադրբեջանի հետ՝ այս պայմաններում որոնելու այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան հասնել արդար, երկարատև ու կայուն խաղաղության։ Սա պետք է լինի մեր հիմնական նպատակը՝ որպես բանակցությունների ուղենիշ»,- հավելել է նա։
Օսկանյանի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ պետք է ընդլայնել բանակցությունների օրակարգը։
Նա նշել է, որ այսօր բանակցային օրակարգը բաղկացած է միայն ադրբեջանական պահանջներից, այնտեղ հայկական պահանջ չկա, հայկական կողմն ընդամենն այսօր փորձում է Ադրբեջանի պահանջներն ընդունած լինելով հանդերձ՝ այնպիսի դիվանագիտական ձևակերպումներ տալ դրանց, որ հայ ժողովրդի համար հետագայում ավելի ընկալելի ու հասկանալի լինեն, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս, որովհետև ուզում է, որ իր պահանջներն այնպիսի ձևակերպում ստանան, որ ապագայում հնարավորություն չլինի տարաբնույթ մեկնաբանել։
«Երրորդ՝ այդ ընդլայնված բանակցային օրակարգում անպայման պետք է ներառել Արցախի՝ սովետական շրջանում ինքնավար մարզ լինելու փաստն ու հանգամանքը։ Սա շատ կարևոր է, սա է, որ պետք է կտրուկ փոփոխություն մտցնի և բանակցային տրամաբանության մեջ, և նոր դռներ ու հնարավորություններ բացի՝ հայանպաստ լուծման հասնելու համար։ Ո՞րն է սրա էությունը։ Նախ, չմոռանանք, որ Արցախի ամբողջ ինքնորոշումը իրավական հիմք ստացավ՝ ելնելով միայն նրանից, որ սովետական շրջանում Արցախն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Դա հնարավորություն տվեց, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ձգտի ինքնորոշման, հիմնավորի դա, անցկացնի հանրաքվեն և հայտարարի իր Հանրապետությունը։ Ինքնորոշման ձգտման փաստն ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Լեռնային Ղարաբաղն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Եթե հնարավոր լինի այս հանգամանքը մտցնել բանակցությունների օրակարգ, հավատացեք, որ սա կտրուկ փոփոխություն է բերելու ընդհանուր գործընթացի վրա։ Եվ սա հնարավոր է անել, ես դրանում համոզված եմ 100 տոկոսով, որովհետև այս հարցն օրակարգ բերելու հարցում չի կարող հակափաստարկ լինել, սա միջազգայնորեն ընդունված նորմ է, միջազգայնորեն ընդունված գործընթաց է»,- ասել է Օսկանյանը։
Նրա խոսքով՝ այսպիսի գործիք ունենալով մեր զինանոցում՝ Հայաստանի իշխանություններն այլ ճանապարհով են գնում ու վճռական են իրենց ճանապարհի հարցում։
«Ես չեմ հասկանում՝ ո՞րն է նրանց միտքը, մտածողությունը, ինչո՞ւ նման փորձեր չեն լինում, նրանք պարզապես որոշել են հանձնել Արցախն Ադրբեջանին։ Արցախ, որը հազարամյակներով եղել է հայկական, այդ հողի վրա ապրել են հայեր։ Նույնիսկ, երբ Հայաստանը ենթարկվել է ասպատակությունների, Արցախն ավելի շատ է պահպանել իր անկախությունը, քան Հայաստանը։ Այս տարածաշրջանում ամենահայկական տարածքն Արցախն է, Արցախ, որը պատմականորեն հայկական է, Արցախ, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, Արցախ, որը 75 տարի սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, Արցախ, որը նախորդ 30 տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Այս հարցը մենք ուզում ենք պարզապես նվիրե՞լ Ադրբեջանին։ Սա՞ է մեր իշխանությունների ֆանտազիան, թե՞ այս իշխանությունները մեզ հարիֆի տեղ են դրել, թե՞ իրենք են հարիֆ։ Եթե մենք ստորագրենք փաստաթուղթ և Արցախը կամովին հանձնենք Ադրբեջանին, մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը: Հայ ժողովուրդն աշխարհում լինելու է առաջինը, որն ինքնակամ հրաժարվելու է այդ իրավունքից և հանձնելու է Արցախն Ադրբեջանին»,- ընդգծել է նա։
Ըստ Վարդան Օսկանյանի՝ այսօր աշխարհում կան 120-ից ավելի ինքնավար մարզեր՝ 50-ից ավելի երկրներում` տարբեր կարգավիճակներ կան, որոնք հնարավոր է ունենալ, օրակարգ պետք է բերել այդ խնդիրը։
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ԼՂ–ում իրավիճակի և բանակցային գործընթացի մասին, ասել է, որ իշխանությունը պետք է իրավիճակը սթափ գնահատի և համարձակություն ունենա բանակցությունները փոխանցել այլոց։
Օսկանյանը նշել է, որ ինքն էլ պատրաստ է պատասխանատվություն վերցնել և մի խումբ դիվանագետների հետ շատ կարճ ժամանակում` 2-3 ամսվա ընթացքում, իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել։