AM
6 July 2023 - 14:33 AMT

Հանրակրթության նոր չափորոշիչը սեպտեմբերից կներդրվի բոլոր դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ հանրակրթության նոր չափորոշիչը նոր ուսումնական տարվանից ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմանը: Նա տեղեկացրել է, որ ըստ կառավարման նոր մոդելի, դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատվել են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։

Այդ նպատակով դասավանդող բոլոր ուսուցիչների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների, հմտությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը:

Կողմերը քննարկել են նախարարության և ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ է եղել ուսուցիչների վերապատրաստման և կրթական նյութերի մշակմանն ու հետագա տարածմանն առնչվող հարցերին։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադարձ է եղել Կրթության զարգացման և նորարարության ազգային և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների հետ համագործակցության հնարավորությանը՝ կարևորելով ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին աջակցությունը: