AM
7 July 2023 - 07:43 AMT

Երասխի բնակիչ. Օտարերկրյա ներդրմամբ կառուցվող գործարանը հունիսի 23-ից չի աշխատում

Օտարերկրյա ներդրմամբ Երասխում կառուցվող գործարանը հունիսի 23-ից դադարեցրել է աշխատանքը: Այդ մասին ասել է սահմանապահ գյուղի բնակիչներից մեկը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ գյուղում հիմա համեմատաբար հանգիստ է, գործարանի փակվելուց հետո ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։

«Թե երբ կբացվի գործարանը՝ որևէ մեկը չգիտի։ Անգամ գործարանից չեն կարողանում հստակ բան ասել։ Բայց արդեն հասկանալի է, որ հենց նորից սկսեն աշխատել՝ սկսելու են կրակոցները»,- ասել է նա։

Նա հայտնել է նաև, որ, գործարանում աշխատանքի ընդունվելով, ամուսինը հույս է ունեցել ընտանիքի հոգսերը հոգալու կայուն աղբյուր ունենալ։ Անցած գրեթե 2 շաբաթվա ընթացքում էլ գյուղացիները ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ գումար են կարողանում վաստակել։

«Ամուսինս ամսի 23-ին է վերջին անգամ աշխատանքի եղել գործարանի տարածքում։ Էլի կրակեցին՝ ուղարկեցին տուն։ Հիմա նորից օրվա վաստակած, օրվա ապրած սկզբունքով ենք փորձում շարունակել գոյատևել՝ մինչև տեսնենք, թե ինչ կլինի։ Որ ասում են՝ աղքատի գլխին գալովի է՝ մեր մասին են ասում»,- ասել է նա։

Գործարանում աշխատանքի էր ընդունվել համայնքի շուրջ 1 տասնյակ բնակիչ։ Ըստ նրա՝ հիմա բոլորի մոտ է անորոշության ու սպասման պահ։

«Աշխատանքի ընթացքում օրական միջինը 6 հազար դրամ տուն էր մտնում։ Կարողանում էինք օրվա ապրուստը հոգալ։ Հիմա դրանից էլ զրկվեցինք։ Հուսանք՝ մի լուծում, ի վերջո, կգտնվի»,- ասել է նա։

Փաստինֆոյի զրուցակիցը նաև հայտնել է, որ օրերս գործարանի տարածքից հեռացվել է նաև անցած օրերին ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասված տեխնիկան։

«Հիմա վնասված ապակիներով վերամբարձ կռունկը կանգնեցված է գյուղի կենտրոնում, ոչինչ չի կատարվում»,- եզրափակել է նա։

Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ էր բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվեցին։