ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:
Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը:
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։