Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետության քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին hամաձայնագիրն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
-Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, կամ
-ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող)՝ միայն երկու Կողմերի տարածքների միջև ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում: Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե ՀՀ սահմանային անցակետը հատելիս Հայաստանի համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով:
-Հայաստան վերադառնալու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար)։
Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին hամաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. հունվարի 12-ին։