AM
8 July 2023 - 08:16 AMT

ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Եվրախորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։

«Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է արդեն 7 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Այցը թույլ է տվել ավելի լավ հասկանալ իրավիճակը տեղում՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների լուրջ ոտնահարմամբ և հումանիտար հետևանքներով»,-ասվում է գրառման մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։