AM
8 July 2023 - 09:08 AMT

«Հայաքվեին» մեկ շաբաթում միացել է մոտ 15,000 մարդ

«Հայաքվե» նախաձեռնությանը մեկ շաբաթվա ընթացքում միացել է 14,800 մարդ։ Այդ մասին ասուլիսում ասել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա հայտնել է, որ քվեարկողներից 10,000-ը Երևանի 12 վարչական շրջանից են, 4500–ը մարզերից, և 330–ն էլեկտրոնային ստորագրություններ են։ Այս ընթացքում նախաձեռնությունը գործարկել է 12 քվեարկության կետ Երևանում և 14-ը մարզերում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ինչ-որ իմաստով այդ «Հայաքվեի» սերտիֆիկատը դարձել է հայ արժանապատվության վերականգնման հավաստագիր։ Սա պարզապես օրենսդրական նախագիծ չէ, սրա իմաստն այն է, որ մենք՝ որպես ազգ, պահպանում ենք մեր ինքնությունը, հետամուտ ենք լինում մեր երկարաժամկետ ազգային շահերին և նպատակներին, չենք հանձնվում թշնամու ճնշումների առաջ, չենք հանձնվում նաև թշնամու տեղական կամակատարների մանիպուլյացիաներին և միավորվելով,համախմբվելով` գնում ենք»,-ասել է նախաձեռնության համակարգողը։

Նա նշել է, որ նախաձեռնության մեկնարկից սկսած` հանրային մեծ դիսկուրս է սկսվել և ստորագրահավաքի առաջին օրերից սկսած սկսել է հակազդեցությունը իշխանություններից։ Քաղաքապետարանի և համայնքապետարանների մակարդակով խոչընդոտել են ստորագրահավաքին։

«Մեզ համար զարմանալի չէ: Միանգամից ամենասև, ամենակեղտոտ, նսեմ մեթոդներով է հակազդում այս իշխանությունը: Երեկ ես մի գրառում եմ տեսել, որտեղ պատկերված է Նաիրի Հունանյանը և գրված է. «Սա է «Հայաքվեի» դեմքը»։ Ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը»։ Այն սրիկաները որոնք ցեխ կշպրտեն այս նախաձեռնության դեմ, «Հայաքվեն» իրենց կուղարկի պատմության աղբանոցը»,-նշել է նա։

Չալաբյանը հավելել է, որ այս նախաձեռնությունը բերելու է իրական խաղաղություն, ոչ թե պատերազմի, ինչպես պնդում են իշխանությունները։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։

Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։

Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։