AM
8 July 2023 - 10:43 AMT

ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ կատարի Հաագայի դատարանի որոշումը՝ առանց տեքստի կեղծ մեկնաբանությունների

Ադրբեջանը պետք է ամբողջությամբ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ առանց տեքստի կեղծ մեկնաբանությունների: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատել է իր դատավճիռը, որով Ադրբեջանը պարտավոր է անարգել երթևեկ ապահովել Լաչինի միջանցքով։ Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել փետրվարի 22-ից հետո, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկման և տեքստի կեղծ մեկնաբանությունների»,-ասվում է գրառման մեջ։

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը, որը կայացրել էր փետրվարի 22-ին, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ Դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտություն: