ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:
Այս համատեքստում կարևորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը: Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն
Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։