AM
8 July 2023 - 11:30 AMT

Մատենադարանի աշխատողները զրկվել են Հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչներն ունենալու իրավունքից. Դիմում են վարչապետին

Մատենադարանի աշխատողները զրկվել են Հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, որը դեմ է ՀՀ որդեգրած ժողովրդավարական ու մասնակցային սկզբունքին։ Այդ մասին ասվում է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրամի աշխատակիցների դիմումի մեջ, որը հասցեագրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք խնդրել են վերանայել կառավարության որոշումը։

«2023-ի մայիսի 18-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության №753-Ն որոշման համաձայն Մատենադարանի կանոնադրության մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ։ Կանոնադրության 28-րդ կետի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի կազմը նվազեցվել է, կազմում ընդգրկված անդամների մեծ մասը ի պաշտոնե նշանակված բարձրաստիճան զանազան պաշտոնյաներ են։ Մատենադարանից ընդգրկված երկու անդամները նույնպես նշանակված են ի պաշտոնե։

Այդպիսով, Մատենադարանի աշխատողները զրկվել են Հոգաբարձուների խորհրդում իրենց ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, որը դեմ է ՀՀ որդեգրած ժողովրդավարական ու մասնակցային սկզբունքին։ Հատկապես նկատի ունենալով այն փաստը, որ բոլոր հիմնադրամներում աշխատողները իրավունք ունեն ընտրելու հոգաբարձուների կազմի իրենց ներկայացուցիչներին, ինչպես օրինակ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմերը։

Ներքոստորագրյալներս Մատենադարանի աշխատողների անունից խնդրում ենք վերանայել այս որոշումը և հնարավորություն տալ վերականգնելու հոգաբարձուների խորհրդի ձևավորման ՀՀ-ում ընդունված օրինաչափությունը, այն է՝ Մատենադարանը այլ հիմնադրամների պես ունենա համամասնական ներկայացվածություն և ընտրի իր կազմը։ Համամասնական սկզբունքով Հոգաբարձուների խորհրդի տասներեք անդամից վեցը կարող են լինել Մատենադարանի աշխատողներից՝ Մատենադարանի գիտական (երկու ներկայացուցիչ), գիտատեխնիկական, գրադարանային, թանգարանային և արհմիության անձնակազմերից ընտրված և գիտխորհրդում հաստատված ներկայացուցիչները»,-ասվում է նամակում։

Մատենադարանի աշխատողներս լիահույս ենք, որ մեր խնդրանքը հավանության կարժանանա: