AM
10 July 2023 - 09:07 AMT

Միրզոյանը ԵԱՀԿ նախագահին․ Միջազգային կոնկրետ քայլեր են պետք կանխելու ԼՂ-ում էթնիկ զտման Բաքվի քաղաքականությունը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել:

Միրզոյանն ասել է, որ միջազգային կոնկրետ քայլեր են անհրաժեշտ ԼՂ-ում էթնիկ զտմանն ուղղված Բաքվի քաղաքականությունը կանխելու համար:

Նա ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և մարդասիրական խնդիրներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով միջազգային կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։