Այսօր տեղի է ունեցել «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» (ԱԹՍՄ) նիստը: Համաձայն 73 թատերական գործիչների միաձայն ընտրության` առաջիկա երկու տարիներին միավորման ղեկավար է լինելու թատերագետ Արա Խզմալյանը: Նիստում նաեւ ընտրվեցին նախագահության անդամներ` Գրիգոր Մկրտչյան, Ռաֆայել Ջրբաշյան, Դավիթ Հակոբյան, Արա Երնջակյան եւ Ռուբեն Բաբայան: Կառավարման կազմի մեջ մտնում են 10 թատերական գործիչներ:
ԱԹՍՄ գործունեության երկու տարիները, նախկին նախագահ Ռուբեն Բաբայանի կարծիքով, միավորման կայացման փուլ են հանդիսացել, սակայն այդ կարճ ժամանակում ԱԹՍՄ-ն հասցրել է դառնալ մի քանի մշակութային միջոցառումների նախաձեռնողը, որոնք անհետ չեն մնացել:
ԱԹՍՄ-ի ամենանկատելի եւ նշանակալի նախագծերից է համարվում «Իքս թատրոն» փառատոնը, որն անց է կացվել երկու անգամ եւ նպատակ է ունեցել ցույց տալ ու հասկանալ թատերական գործիչների եւ նրանց ստեղծագործության մակարդակը:
«Մենք փորձեցինք ստեղծել միջավայր, որտեղ արմունկներով աշխատելն ուղղակի անհնար է: Եւ աշխատում էին ոչ թե հակառակ, այլ հանուն` ստեղծագործական համագործակցության սկզբունքով»,- հավաստիացրել է Ռուբեն Բաբայանը:
ԱԹՍՄ երիտասարդ նախագահ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար եւ հաղորդեց. «Միավորման ծրագրերում եւ աշխատանքում ես հակված չեմ հեղափոխական փոփոխությունների: Շարունակենք ԱԹՍՄ արդեն գործող նախագծերի իրականացումը եւ ստեղծենք նորերը: Արդեն համարյա պատրաստ է կայքը, որտեղ հնարավոր կլինի գտնել լիարժեք տեղեկատվություն Հայաստանի համարյա բոլոր թատերական գործիչների եւ թատրոնների մասին: Ստեղծման գործընթացի մեջ է փաստաբանական ծառայությունը, որը կօգնի պաշտպանել թատերական գործիչների իրավունքները»:






