AM
11 July 2023 - 08:28 AMT

Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել

Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Հոբելյանական հանձնաժողովը պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով ֆինանսների նախարարության հետ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Ստեղծել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը»,-ասվում է որոշման մեջ։

Հանժնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Սերգեյ Փարաջանովին նվիրված մոտ 20 ֆիլմ կա, 1991-ից Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում: