Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Քվեարկությանը մասնակցել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 1-ը՝ դեմ, ևս 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը և բոյկոտել են խորհրդարանի նիստը։
«Քաղաքացիական պայմանագիրը» ավելի վաղ հայտարարել էր, որ թափուր պաշտոնի թեկնածու չի առաջադրելու։ Առաջադրումներ չեն լինի նաև ընդդիմադիր խմբակցություններից։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ, որտեղ ասված է, որ այն ամբողջապես քաղաքական է։ Հայտարարվել էր նաև, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ըստ Դոնթի բանաձևի ընդդիմությանը բաժին հասած քվոտայով, չի առաջադրելու ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։