AM
11 July 2023 - 10:23 AMT

Փաստաբանները ՆԳՆ–ի հետ հուշագիր կստորագրեն. 3-օրյա գործադուլը շարունակելու հարցը կորոշեն երեկոյան

Փաստաբանները ՀՀ ներքին գործերի նախարարության հետ հուշագիր կստորագրեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

ՀՀ փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ և պահանջում ոստիկանապետի հրաժարականը։

Զոհրաբյանն ու Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը բողոքի ակցիայից հետո մտել էին ՆԳ նախարարություն, հանդիպել նախարար Վահե Ղազարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Փաստաբաններին նախարարությունում վստահեցրել են, որ տեղի ունեցած դեպքերով արդեն ծառայողական քննություն է կատարվում և մեղավորները օբյեկիվ պատասխանատվություն կկրեն, հայտնում է Sputnik Արմենիան։

«Կստեղծվի հանձնախումբ` ոստիկաններից և փաստաբաններից կազմված, որոնք նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտան։ Նրանք ասացին, որ այսուհետ նման դեպք էլ չի լինի»,–ասել է Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է եռօրյա գործադուլին, ապա Արա Զոհրաբյանը նշել է, որ երեկոյան փաստաբանները կքննարկեն այդ հարցը և կորոշեն իրենց հետագա անելիքները,

Փաստաբանների ակցիաները մեկնարկել են հունիսի 7-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։