AM
11 July 2023 - 12:56 AMT

ՀՀ դրոշին ներկայացվող պահանջներն առաջարկվում է խստացնել

Գործադիրն առաջարկում է խստացնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով «ՀՀ դրոշի մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, ներկայացրել է հիմնական կարգավորումները։

Գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, դրոշի ներքևի մասը պետք է գետնից գտնվի 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում պատասխանատվություն է սահմանված դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար, մասնավորապես, տուգանքի նշանակում 30,000-50,000 դրամի չափով: Նշված կարգավորումները տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Պաշտոնատար անձանց աշխատասենյակներում և այլ վայրերում տեղադրված դրոշների պարագայում խախտումները վարչական պատասխանատվության ենթակա չեն:

Առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները. դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել ընդհանուր պահանջ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղադրված այն՝ պետական նշանակության շենքի վրա, թե՝ այլ վայրում: Հստակեցվում է պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. պահանջները խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք կտուգանվեն 30-50 հազար, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը Վարչական դատարանի փոխարեն վերապահվելու է Ոստիկանությանը:

Պատգամավորները հարցադրումներում անդրադարձել են բակերում տեղադրված դրոշների ոչ պատշաճ վիճակին, խախտման դեպքում մինչ վարչական պատասխանատվությունը նախազգուշացում կիրառելու նպատակահարմարությանը, օտարերկրյա կազմակերպության կողմից իր տարածքում պարտադիր նաև ՀՀ դրոշի տեղադրմանը և այլ խնդիրների:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարցին։