AM
11 July 2023 - 13:10 AMT

Օպերայի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար 6 թեկնածու է դիմել

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ԿԳՄՍՆ-ի անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանն ասել է, որ թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար դիմել է 6 հոգի՝ 3 կին, 3 տղամարդ, որոնցից 4-ն ունի երաժշտական կրթություն, տեղեկացնում է Aravot.am-ը։

Գրիգորյանն ասել է, որ հավակնորդների անունները և նրանց զարգացման ծրագրերը հրապարակման ենթակա չեն:

«Գործերի ընդունման ժամկետն ավարտվել է հուլիսի 10-ին, բոլորը համապատասխանում են ներկայացված պահանջներին: Իրենք պետք է նախապատրաստվեն թեստավորման փուլին, որը կկայանա օգոստոսի 4-ին: Հայտարարության մեջ հստակ նշված է, թե որ իրավական ակտերից է կազմված լինելու թեստավորման փուլի հարցաշարը: Իրենց ներկայությամբ թեստը կձևավորվի, կտրվի 2 ժամ ժամանակ, թեստի արդյունքում՝ ով կհաղթահարի հարցերի 90 տոկոսը (սխալվելու իրավունք ունեն 80 հարցից 8-ում), նա էլ կմասնակցի երկրորդ փուլին»,-ասել է նա:

Օգոստոսի 8-ին էլ կկայանա հարցազրույցի փուլը:

Թեստավորման փուլից մեկ օր առաջ ձևավորվում է հանձնաժողովը, հետևաբար հանձնաժողովի բոլոր անդամներին ներկայացվում են այն հավակնորդների զարգացման ծրագրերը, որոնք հաղթահարել են թեստի 90 տոկոսը: Ուսումնասիրվում են զարգացման ծրագրերը, իրենց մոտ նշում են խնդրահարույց հարցերը, այնուհետեւ հարցազրույցի փուլի ժամանակ տրվում են 4 բաժիններից հարցեր: Դրանք մասնագիտական հարցեր են, հարցեր՝ հմտություններից, անձնային որակներից և զարգացման ծրագիրն է քննարկվում: