Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից ասել են, որ ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները, հայտնում է Aysor.am-ը։
«Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ամբողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից»,-ասել են գրասենյակից։
ԿԽՄԿ-ից նշել են, որ իրենց գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ։
«Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու 4 վարորդ փորձել է առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։
Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի», – ասել են Կարմիր խաչից։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։
Ըստ ադրբեջանական կողմի, ԿԽՄԿ մեքենաներում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բենզին, ծխախոտ։