AM
11 July 2023 - 14:11 AMT

ԱԳՆ խոսնակ․ Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ տեղաշարժն է արգելում Լաչինի միջանցքում

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ տեղաշարժն է արգելում Լաչինի միջանցքում, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով։

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, այդ թվում՝ մարդկանց տարհանումն առողջապահական նպատակով։

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումը կանխելու համար»,- ասվում է խոսնակի գրառման մեջ։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Ըստ ադրբեջանական կողմի, ԿԽՄԿ մեքենաներում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բենզին, ծխախոտ։