AM
12 July 2023 - 09:34 AMT

Գրիգորյան․ Բանակցային գործընթացում դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ հարցին , ասել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են, և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է:

Ըստ Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: Ամենակարևոր խնդիրներից մեկն է, ըստ նրա, սահմանների հստակեցման հարցը 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա: Գրիգորյանը նշել է, որ քարտեզի վերաբերյալ դեռևս չկա վերջնական համաձայնություն, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել միջազգային մեխանիզմներ, որպեսզի «Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, իսկ Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում:

«Իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորութուն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը բնականաբար օգնելու է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու է նաև Հայաստանի ժողովրդավարությունը»:

Գրիգորյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի հանդիսացել տարածքային, և այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ ընթանում են բանակցությունները՝ այսինքն՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, վերաբերում են ոչ թե տարածքներին, այլ մարդկանց և նրանց իրավունքներին ու անվտանգությանը:

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա, ինչպես նշեցի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»,-ասել է նա:

Արմեն Գրիգորյանն այդ բանակցությունները դիտարկում է որպես միակ արդյունավետ տարբերակ՝ ԼՂ հիմնախնդրի հիմնական կետերը երկարաժամկետում հասցեագրելու համար:

«Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»,-ասել է նա:

Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյայի՝ միջազգային մեխանիզմներ ասելով առաջին հերթին՝ Երևանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև և որին ներկա է միջազգային հանրությունը»: Միջազգային հանրության ներկայությունն այդ բանակցություններին արդեն իսկ միջազգային մեխանիզմի տրամաբանությունն է: Գրիգորյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այդ սեղանի շուրջ:

«Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առումով շատ արդյունավետ կլինի, որովհետև անվտանգությունն ու երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի»,-ասել է նա:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում:

«Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»,-ասել է նա:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: