AM
12 July 2023 - 10:22 AMT

Մարտունիում կրկին հարձակվել են «Հայաքվեի» ներկայացուցիչների վրա

Մարտունիում կրկին հարձակվել են «Հայաքվեի» ներկայացուցիչների վրա, ծեծի ենթարկել մի քանի ստորագրողի:

«Հայաքվե» նախաձեռնությունից հայտնում են, որ հարձակվողները եղել են 10-12 հոգի, գրում է Panorama.am-ը։

«10-12 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Մանրամասներն՝ ավելի ուշ»,-ասել է նե նախաձեռնությունից։

Հուլիսի 10-ի միջադեպը դեպքին ականատես լրագրող Նաիրի Հոխիկյաննն այսպես էր նկարագրել․ «Կոնկրետ մարդիկ մոտեցան հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին, թե որևէ մեկը իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, անցան նույնիսկ վիրավորանքների: Ստիպված եղա ես ոստիկանություն հրավիրել, որ տվյալ անձանց հանդարտեցնի: Փորձեցին ստորագրահավաքի թղթերը խլել, թույլ չեմ տվել, բայց, այնուամենայնիվ, տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում», հայտել էր «Առավոտը»։

Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։