Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին՝ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Պիետրո ՊարոլինըՍուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին:
Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ձերդ Վսեմություն, ուրախ եմ Ձեզ ողջունելու Հայաստանում: Բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման գործում: Բարձր ենք գնահատում նաև այսօրվա այցը և պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդել ՀՀ և Վատիկանի հարաբերություններին: Հայաստանում շատ ջերմ են հիշում Հռոմի Ֆրանցիսկոս և Հովհաննես Պողոս պապերի այցերը 2001 և 2016 թվականներին, բայց նաև պիտի ընդգծեմ, որ սա Վատիկանի պետքարտուղարի առաջին այցն է Հայաստան: Եվ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել: Սա վկայում է մեր հարաբերությունների նոր լիցքի մասին: Բարով եք եկել»:
Իր հերթին, Պիետրո Պարոլինը նշել է. «Շնորհակալություն պարոն վարչապետ, շնորհակալություն, որ տվեցիք այս հնարավորությունը՝ հանդիպելու, երկխոսություն ունենալու ու մտքեր փոխանակելու Ձեզ հետ: Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում՝ ճիշտ այն բարյացակամ հարաբերությունների կոնտեքստում, որ արդեն գոյություն ունեն: Վստահաբար այս այցելությունը կնպաստի դրանք ավելի զարգացնելու: Վերջերս նաև շատ դրական փոփոխություն տեղի ունեցով, որ Առաքելական նվիրակի՝ Վատիկանի դեսպանի ներկայությունը կա Հայաստանում, շնորհակալություն ենք հայտնում Ձեր այս տրամադրվածության համար»:
2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։
Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: