AM
13 July 2023 - 09:53 AMT

Երևանի ավագանու ընտրությունները` սեպտեմբերի 17-ին

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։ Այն չզեկուցվողների թվում էր։

Որոշումն ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»:

Գործող ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 10-ին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։