AM
13 July 2023 - 10:39 AMT

Վարչապետ. Լաչինի միջանցքի վերաբերյալ դատարանի որոշումը հնարավորություն է տալիս ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ասել է, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄԴ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել։

«Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: ՀՀ դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Նման որոշմամբ դատարանը փաստորեն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում այդ նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա:

Սա կարևոր նրբություն է: Հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում դատարանը հիշատակելով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ այսպես կոչված բնապահպանների ակցիա այլևս տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժն ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետև Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայերի համար նույնն են, ինչ 2022թ. փետրվարին, հետևաբար, դատարանի մոտեցումը և իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը:

Այնուամենայնիվ, դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Եվ հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում, էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար»,-ասել է նա։

Վարչապետը նաև չափազանց կարևորել է միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: