Սևանի ափին 4 նոր հանրային լողափ կստեղծվի։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։
Լողափերը կգործեն Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ասել է, որ հանրային լողափերը բարեկարգման, կահավորման և սպասարկման նպատակով մրցութային կարգով կտրամադրվեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց։
Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։
Սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։
«Կսահմանվեն որոշակի ստանդարտներ ծխելը կարգելվի, բարձր երաժշտությունը՝ ևս, ավելի ճիշտ երաժշտությունը մի կետից կլինի։ Թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք։ Այսպիսի ստանդարտներ են՝ որպեսզի քաղաքացիները հանրային հանգստի այդ հատվածներում մեկը մյուսին չխանգարեն ու իրենց հանգիստը ճիշտ կազմակերպեն»,– ասել է նախարարը։
Սևանի ափին այժմ 8 հանրային լողափ կա, որոնից կահավորված է դեռևս միայն 3-ը։