Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ՀՀ հասցեին Ադրբեջանից հնչող բնապահպանական բնույթի մեղադրանքներին, ներկայացրել է 2022թ. աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը 56-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 104-րդը։
Վերջին օրերին Ադրբեջանի ՀԿ-ներն ու նախագահ Իլհամ Ալիևը «պահանջում են» ՀՀ-ից դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումն ու հանքարդյունաբերական մի շարք ընկերությունների գործունեությունը։
«Ադրբեջանը հիմա էլ փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն:
Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը: Ես միայն անդրադառնամ հետևյալ հանգամանքին. Եյլիի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը հրապարակել է 2022թ. աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշի և 10 կատեգորիայի վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկո համակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեության ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում: Եվ ահա 2022թ. վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում ՀՀ առաջխաղացումներն ու ձեռքբերումները արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Երասխում ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի մասին՝ կոչ անելով Երևանին «հրաժարվել այդ վտանգավոր գործելաոճից»։ Նա ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային փորձի, միջազգային կոնվենցիաների, այդ թվում Էսպոյի կոնվենցիայի վրա։
Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «պահանջելով անհապաղ դադարեցնել» ՀՀ հանքարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը, քանի որ դրանք «խախտում են միջազգային բնապահպանական նորմերն ու ստանդարտները և տարածաշրջանի ժողովրդների իրավունքները»։ Երասխի գործարանից բացի, ցուցակում ևս 11 ձեռնարկություն կա։