Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն միացել է ԵՄ առաքելությանը Երասխում պարեկություն իրականացնելու համար, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։
Դեսպանը հայ-ադրբեջանական սահմանին` Երասխում պարեկության ժամանակ կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Էրիկ Դիկումին և դիտորդներին:
Լույոն իր աջակցությունն է հայտնել ՀՀ տարածքում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությանը` ընդգծելով նրա «կարևոր դերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործընթացում»:
Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ շարունակվում են։
Հուլիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Երասխում ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի մասին՝ կոչ անելով Երևանին «հրաժարվել այդ վտանգավոր գործելաոճից»։ Նա ասել է, թե Հայաստանը պետք է գործարանի կառուցումը համաձայնեցներ Ադրբեջանի հետ։