AM
13 July 2023 - 13:39 AMT

Հայտարարություն. Փրկենք Ծաղկաձորը` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները

Մի խումբ մտավորականներ ահազանգում են Ծաղկաձորին սպառնացող վտանգի մասին՝ նշելով, որ ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները, իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերին:

Նրանք հորդորում են հրավիրել մտավորականների համաժողով և դիմել Հայաստանի գրողների միությանը և ստեղծագործական բոլոր միություններին, որպեսզի մասնակցեն համաժողովի, որն էլ կդիմի ԱԺ-ին։

«Մենք ներքոստորոգյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը և բոլոր մտահոգ անձանց հայտարարելով.

Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները, իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերին: Ո՞ւմ համար են այդ շենքերը կառուցվում, ի՞նչ հիմունքներով և ո՞ւմ փողերով:

Զարմանալիորեն մի կողմ է նետվել Կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ հատուկ ձևակերպված է, որ Ծաղկաձորում երեք-չորս հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել, կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասից-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով:

Առկա աղետից բացի կան նաև տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել Հայանտառի համակարգից և սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ոչնչացման վտանգի տակ են:

Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մեկ տարի հետո ուշ կլինի, կավարտվի ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե` ոչ, մեր թոռները Ծաղկաձորում ոչ ծաղիկ կգտնեն, ոչ ծառ:

Ուրեմն հենց հիմա է պահը. հրավիրել մտավորականների համաժողով և դիմել Հայաստանի գրողների միությանը և ստեղծագործական բոլոր միություններին, որպեսզի մասնակցեն համաժողովին, որը կայանա հենց Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը համոզմունքով, որ համաժողովը իր հաստատակամ ուղերձով դիմի Ազգային ժողովին շուտափույթ քննելու արդեն վաղուց հասունացած խնդիրը և ընդունել օրենք` Ծաղկաձորը հռչակել ազգային պարկ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Մովսես Մանուկյանը, Աշոտ Օհանյանը և Ժիրայր Դադասյանը։