AM
13 July 2023 - 14:35 AMT

Գերմանիայի ԱԳ պետնախարարը ՀՀ-ում է․ Անդրադարձել են ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ:

Լինդներին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԳԴՀ ԱԳ պետնախարարը արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: