ՀՀ ԱԳ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կրկին անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններում ստեղծված վիճակին, ասել է, որ իրեն իր պաշտոնավարման օրոք հաջողվել է փոխել բանակցությունների նարատիվը՝ հասցնելով մինչև ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրում։
Օսկանյանն ասել է, որ սա հնարավոր է եղել նաև ի պատիվ և շնորհիվ նրա, որ Լիսաբոնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց տեղում հակադրվել է, գրում է «Առավոտը»։
Օսկանյանը հիշեցրել է, որ Լիսաբոնի համաժողովում 50-ից ավելի ԵԱՀԿ անդամ երկրներ հայտարարել էին 96-ին, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
«Տեր-Պետրոսյանը հենց տեղում խեղդեց այդ նախաձեռնությունը և չգնաց Փաշինյանի նման անհեթեթ հայտարարությունների, որ նախկինում այս է եղել, այն է եղել: Դրանից հետո Քոչարյանը հստակ հանձնարարական տվեց ինձ փոխել բանակցային տրամաբանությունը, օրակարգային նոր հարցեր բերել եւ ես կարողացա փոխել նարատիվն ամբողջությամբ: Դրանից հետո երրորդ նախագահը կարողացավ այդ նարատիվը բանակցային պահել իր նախագահության շրջանում: Փաշինյանը ուղղակի փոշիացրեց այդ ամենը իր հայտարարություններով: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Ունենք բանակցային այնպիսի նարատիվ ու տրամաբանություն, որ վերջնական բոլորի մտքում ամրագրված է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Սա է, որ մենք այսօր պետք է փոխենք: Ես պնդում եմ, որ հնարավոր է դա անել, այդ նարատիվը հնարավոր է փոխել, ես այդ ճանապարհն անցել եմ: Հնարավոր է բանակցային օրակարգը դարձնել շատ ավելի հայանպաստ»,-ասել է Օսկանյանը։
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։