Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Նա հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Ըստ վարչապետի որոշման, ՀՀ կառավարական պատվիրակության կազմում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և այլոք։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին։
Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել, որ բրյուսելյան եռակողմ հանդիպումը, հավանաբար, հուլիսի 21-ից շուտ տեղի կունենա։
Հունիսի 1-ին Մոլդովայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից հետո Շոլցը հայտարարել է, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։