AM
19 July 2023 - 08:58 AMT

Ասրյանն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորությունները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` հուլիսի 18-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել են նաև հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր։

Հուլիսի 17-ին Ասրյանը հանդիպել էր ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ: