44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության դիմաց սկսած ակցիան շարունակել են նախագահի նստավայրի մոտ, ուր տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընդունարանում ծնողները ընդունելության խնդրանքով դիմում են թողել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակով կտեղափոխվի նախագահական, քանի որ կառավարությունում վերանորոգում է ընթանում։
Ակցիայի մասնակիցներին հրավիրել են նախագահի նստավայր, որտեղ տևական ժամանակ գտնվում է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։
Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են։
Նրանց կարծիքով՝ իրավասու մարմինները գործողություններ չեն անում իրենց որդիներին գտնելու ուղղությամբ և իրենք ստիպված են նման ակցիաներով հիշեցնել անհետ կորած զինծառայողների խնդիրները: Դեպքով դատական նիստն էլ չի ընթանում, հետաձգում են, որպեսզի ազատ արձակեն մեղավորներին:
Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ բազմաթիվ նամակներ են գրել վարչապետին և նախագահին, սակայն արձագանք չկա և իրենց էլ երբեք նախագահը չի ընդունել: