44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները նախագահի նստավայրի դիմաց փակել են Բաղրամյան պողոտան:
Նրանք հայտարարել են, որ երկու ժամ սպասում են նախագահի նստավայրի դիմաց, ուր տեղափոխվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց պատասխան չկա, իրենց ոչ ոք չի ընդունում և ստիպված փակել են ճանապարհը, հայտնում է Panorama.am-ը։
Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհետ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակներն ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են:
Ծնողները հայտնել են, որ ստիպված են գնում այդ քայլին, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի, պահանջները չանտեսեն և քայլեր ձեռնարկեն իրենց որդիներին Հայաստան բերելու համար:
Ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի դիմացից շարժվել են Բաղրամյան-Պարոնյան խաչմերուկ՝ այն փակելու նպատակով:
44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության դիմաց սկսած ակցիան շարունակել են նախագահի նստավայրի մոտ, ուր տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընդունարանում ծնողները ընդունելության խնդրանքով դիմում են թողել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակով կտեղափոխվի նախագահական, քանի որ կառավարությունում վերանորոգում է ընթանում։