Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ևս 3 ամսով երկարացվել է ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը։ Այդ մասին հայտնել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է «Առավոտը»։
«Այդ ժամկետն ուղիղ համեմատական է այն վախերին, որոնք այդ պատվերն իջեցնողներն ու կատարողները ունեն Գրիգորի Խաչատուրովի հետ կապված։ Այսինքն՝ եթե այն ժամանակ որոշակի հանգամանքներ կարող էին լինել, դրանց վերաբերյալ բացահայտումներ կատարեցինք, հիմա այդ վախերը զսպելու համար կալանքի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ արդեն որոշում են կայացնում, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է կալանքի տակ գտնվի։ Դժվարանում եմ պարկեշտ բառապաշարով խոսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել այսօր դատական նիստերի դահլիճում»,-ասել է նա։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (առավել հայտնի որպես Պատրոն Դավո) ազատ է արձակվել գրավի դիմաց։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։
«Պարոն Գալստյանն ազատության մեջ է։ Գրավը վճարվել է, այս պահին ազատության մեջ է»,-ասել է նա։
Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Ըստ դատախազի հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։