Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բրյուսելյան հանդիպումը Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չի տվել։
Վարչապետը հավելել է, որ քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո իր հայտարարության մեջ ընդգծել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:
«Մեր համոզմունքը մնում է այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել, քանի որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումն է: Հիմա արդեն սա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի արգելափակմամբ կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումն էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարաման իսպառ բացակայությունն է՝ Լեռնային Ղարաբաղում հայերի բնակվելն անհնարին դրաձնելու նպատակով»,-ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի, այս պահին կառավարության խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ դիվանագիտական միջոցներով, «միջազգային ԶԼՄ-ներում և սոցցանցերում հնարավորինս լայնորեն ներկայացնելու միջոցով»։
Նա հավելել է, որ էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընդգծել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը և նաև նշել Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը։
«Նաև նշել եմ Աղդամի ուղղությամբ մարդասիրական մատակարարումներ ապահովելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես 2 տարբերակն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ հումանիտար մատակարարումները երկու կողմից՝ ապահովելու բնակչության պահանջները»,-ասել է նա։