AM
20 July 2023 - 09:14 AMT

Վարչապետ. Պետք է կոնկրետացնենք սահմանազատման աշխատանքների քարտեզագրման հիմքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ քննարկվել է նաև սահմանազատման հարցը։

«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ. Ալմաթիիի հռչակագրի հիման վրա և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա:

«Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները: Բայց մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Բրյուսելի հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չի կարող ներկայացնել, այսուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկու երկրի հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Այդ մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: