AM
20 July 2023 - 12:17 AMT

Սպիտակում շունը հարձակվել է երեխայի վրա. Նա վիրահատվել է՝ վիճակը ծանր է

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։

Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ասվում է Սպիտակի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Մասնավորապես ՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան։ Ամբողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝ շարունակում են պայքարել երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց, նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։