Լող, մերսում և հիդրոմերսում, ֆիզկուլտուրա. Հայաստանում մանկական առաջին սպան արդեն 4 տարեկան է։ Կենտրոնի հիմնադիր Սյուզի Բեյբությանը պատմել է դրա հիմնադրման գաղափարի, առանձնահատկությունների, ծառայությունների և այլնի մասին։
Առաջինը Հայաստանում. Մանկական սպա, լող, մերսում, այժմ նաև Baby Spa Gym
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու բալիկներիս համար մաքուր, հարմարավետ ու մասնագիտացած լողավազան էի փնտրում։ Հայաստանում, բնականաբար, չկար, բայց գիտեի, որ Վրաստանում նմանատիպ լողավազան ու մանկական սպայի ծառայություններ մատուցող կազմակերպություններ կան։ Որոշեցի անպայման հաճախել ու սեփական աչքով տեսնել, թե ինչպես են դրանք աշխատում։ Պետք է ասեմ, որ այնտեղ էլ իմ սպասելիքները չարդարացան։ Շարունակեցի արդեն միջազգային շուկան ուսումնասիրել՝ հասկանալու, թե ինչպիսի մանկական լողավազաններ կան աշխարհում, ինչպես են աշխատում, ինչ ծառայություններ են մատուցում»,-ասել է նա։
2019 թվականին է Բեյբությանի մոտ միտք առաջացել նման, բայց ավելի կատարելագործված կենտրոն էլ Հայաստանում ստեղծել, ու հենց այդ տարի էլ ամուսնու հետ հիմնել են «Բեյբի Սպա»-ն։

Լավագույնը՝ մեր փոքրիկների համար
Կենտրոնը բացելուց առաջ հիմնադիրները բազմաթիվ ուսումնասիրություններ ու վերլուծություններ են կատարել, հատուկ ընտրել յուրաքանչյուր դետալ, սկսած կենտրոնի դիզայնից, ներկերից ու գույներից, վերջացրած՝ անհրաժեշտ պարագաներով, ծառայությունների շրջանակով ու մասնագիտական թիմով։
«Գործ ունենք երեխաների կյանքի ու առողջության հետ, հետևաբար ամեն բան պետք է կատարյալ լիներ։ Ինքս երեք երեխայի ծնող եմ ու շատ լավ հասկանում եմ մայրիկների պահանջներն ու բծախնդրությունը։ Եվ հենց այդ պատճառով էլ կենտրոնը կառուցել ու կահավորել ենք այնպես, ինչպես կուզեինք, որ լիներ մեր երեխաների համար, ծառայություններն ու սպասարկումն իրականացվում են այնպես, ինչպես որ կուզեինք սպասարկեին մեր երեխաներին»,-ասել է կենտրոնի հիմնադիրը։
Զրոյից մեկ տարեկան երեխաների համար լողավազանային պայմաններն էլ ավելի խիստ են. ջուրը փոխվում է յուրաքանչյուր երեխայի մարզումից հետո, լողավազանի հատակը, ներկերը, ախտահանման ու մաքրման նյութերը, խաղալիքները…ամեն-ամեն բան ընտրված է ամենայն մանրամասնությամբ և մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Կահույքն էկոլոգիապես մաքուր, բնական փայտից է, խաղալիքները նույնպես, դրանք հատուկ նյութերից են պատրաստված, ներկրվում են Եվրոպայից։
«Հետո արդեն սկսեցինք աշխատել ընդհանուր դիզայնի և ներքին հարդարանքի ուղղությամբ, որովհետև դա ևս կարևոր գործոն է թե՛ երեխաների ու թե՛ ծնողների համար. Կենտրոնը պետք է ջերմ ու հյուրընկալ լիներ բոլորի համար, որ նորից ու նորից վերադառնային մարդիկ։ Ի դեպ՝ ծնողների հարմարավետության մասին ևս հոգ ենք տարել։ Գիտակցելով, որ նրանք կցանկանան հետևել իրենց երեխաների պարապմունքներին՝ հատուկ, ապակիներով սպասասրահ ենք ստեղծել, որ կարողանան տեսնել բալիկներին։

Ջրի ջերմաստիճանը, սենյակի ջերմաստիճանն ու օդի խոնավության մակարդակները քննարկել ու հստակեցրել ենք մասնագիտացած բժիշկների հետ։ Ունենք նաև օդափոխության հատուկ համակարգ, որը ֆիլտրում է սենյակի օդը։
Մեզ մոտ պարտադիր կերպով ամսվա մեջ երկու անգամ ամբողջական ախտահանման օր է, այսինքն՝ սրահը փակում ենք և հատուկ նյութերով մաքրում իրականացնում։
Կարծրատիպ կա, որ երեխաները ձմառնը լողի հաճախելով կարող են մրսել, բայց մեզ մոտ, հենց օդի ու ջրի ճիշտ ջերմաստիճանի շնորհիվ, դա բացառվում է։ Ավելին՝ հենց ձմռանն է խորհուրդ տրվում երեխաներին տանել լողի, որպեսզի նրանց իմունիտետն ու մկաններն ամրապնդվեն»,-ասել է Սյուզի Բեյբությանը։
«Բեյբի Սպայում» երեխաներն ապահով մասնագետների ձեռքերում են
Baby Spa-ի հիմնադիրը նշել է, որ ընդհանուր պայմաններից զատ՝ ամենակարևորը մասնագիտական թիմն է։
«Մենք թե բացվելուց առաջ և թե՛ մինչև հիմա խորհրդակցում և համագործակցում ենք որակավորված բժիշկների և մասնագետների հետ։ Մեր յուրաքանչյուր թիմակից ընտրվում է հատուկ ձևաչափով ու ընթացակարգով, անցնում հատուկ դասընթացներ ու վերապատրաստումներ։ Այս պահին ունենք լողի մարզիչներ, կինեզիստներ, ֆիզիոթերապևտներ, որոնք բոլորն էլ իրենց գործի գիտակն են, փորձառու, պրոֆեսիոնալ ու ամենակարևորը՝ հոգատար մասնագետներ են»,-նշել է նա։

«Բեյբի Սպայի» այցելուները զրոյից 10 տարեկան երեխաներն են, որոնց համար առաջարկվում են լողի դասընթացներ, մերսում և հիդրոմերսում, ինչպես նաև ֆիզկուլտուրայի պարապմունքներ։ Հատկապես հիդրոմերսումը ցուցված է բոլոր երեխաներին, որովհետև այն օգնում է, որպեսզի երեխայի մկաններն ու օրգանիզմը ճիշտ ու համաչափ զարգանան, ամրապնդում է իմունիտետն ու դրականորեն ազդում առողջության վրա։
«Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ տարբեր տեսակի խնդիրներով երեխաներ են եկել մեզ մոտ ու հետևողական գրագետ աշխատանքի արդյունքում լուծել դրանք։ Սա, թերևս լավագույն ու ամենամեծ գնահատականն է մեզ համար։
Լողը ևս շատ կարևոր է բոլոր երեխաների համար, ու իմ խորին համոզմամբ դեռ մանկուց պետք է երեխաները հաճախեն լողի։ Երեխաները ջրային միջավայրում են ձևավորվում և ծնվելուց հետո որքան շուտ նրանք նորից ադապտացվեն ջրային միջավայրին, այնքան ավելի առողջ կմեծանան, հետագայում չեն ունենա ջրից վախ ու տարատեսակ ֆոբիաներ։ Իմ բալիկը, օրինակ, մեկ շաբաթականից սկսած արդեն հիդրոմերսում էր հաճախում, իսկ ութ ամսականում արդեն սուզվելով լողում։ Ջուրը կյանք է, երեխաները պետք է միշտ կապված լինեն այդ կյանքին»,-պատմել է Բեյբությանը։
Նոր ծառայություններ և ավելի կատարելագործված պայմաններ

Կենտրոնի հիմնադիրը նշել է, որ կարճ ժամանակում իրենք բազմաթիվ հաճախորդներ ու դրական արձագանքներ ունեցան։
«Ու քանի որ արդեն պահանջարկը մեծանում էր, ծնողներն արդեն սկսեցին գիտակցել, թե որքան կարևոր ու անհրաժեշտ է այս ամենը երեխաների համար, որոշեցինք ընդլայնել մեր ծառայություններն ու ևս մեկ նոր սրահ բացել՝ սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելու և նոր հաճախորդներ ներգրավելու համար։ Երկրորդ սրահում արդեն ունենք նաև մանկական մարզասրահ, կրկին որակավորված մարզիչներով։
Մենք առաջինն էինք, որ Հայաստանում հիմնեցինք նման սրահ ու սկսեցինք նման ծառայություններ մատուցել։ Ինձ համար հաճելի ու նաև պարտավորեցնող է, որ «Բեյբի Սպայից» հետո այլ ընկերություններ էլ հայտնվեցին շուկայում. կարծում եմ՝ առողջ մրցակցությունը զարգացման լավագույն խթանն է։ Կարևորը, որ ծառայությունները, սպասարկումն ու որակը լինեն կատարյալ»,-ասել է նա։
Սյուզի Բեյբությանը եզրափակել է` իրենց երազանքներից մեկը Հայաստանի սահմաններից դուրս գալն է, որպեսզի այլ երկրներում էլ տեսնեն՝ Հայաստանում կան բարձրակարգ ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ոլորտի առաջատարն են։